ՄԵԾ ՊԱՀՔԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երեխաներ-մանուկներ - Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
«...ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու ...» (Մրկ. Ժ 15 ):
 
Հովհաննես աստվածաբան ավետարանիչն իր աստվածախնամ գրքում քանիցս անդրադառնում է Փրկչի հանդեպ դրսևորված չկամությանը, ատելությանն ու նախանձին /տե'ս, ԺԱ 39- 50/ ` հասկանալ տալով, որ ժամանակակիցներից շատերը կամ բացարձակապես չէին ընկալում Քրիստոսի ով լինելը, կամ թյուր ընկալում ունեին, կամ բոլորովին այլ կերպ էին ընկալում, և կամ ընկալելելով հանդերձ, այդուամենայնիվ չունեին անհրաժեշտ գիտակցությունը: Եվ սակայն այսպիսիների կողքին կային նաև հավատացողներ` հասկացողներ, գիտակցողներ ու «մարգարեացողներ» /տե'ս, ԺԱ 51-52/: 
 
Աստված-մարդ հարաբերությունն առավել տեսանելի ընկալելու համար, հաճախ կիրառելի, գործածելի է ծնող-զավակ օրինակը /հմմտ. ԺԱ 15, 53-54/: Համընդհանուր սիրո և հույսի այս ինքնատիպ օրինակը ևս պատահականության արդյունք չէ: Թե' այն ժամանակ և թե' ներկայումս ամենքը չէ, որ հավատարիմ են Աստծուն: Այնպես, ինչպես որ հաճախ զավակներն են թերարժեվորում ծնողական գուրգուրանքը: Տարբերությամբ, որ երկրային անկատարության ու բնութագրի շրջագծում, ինչես որ բացառություն չեն երկուստեք սխալները, փոխըմբռնումներն ու անհասկացողությունները, այնպես էլ ամեն տեսակ բացառությունները: Այլ է սակայն աստվածայինը: Կատարյալի առաջին հայացքից պարզ և համաժամանակ պարտավորեցնող յուրաքանչյուր մի պատվերի մեջ ներամփոփված է հավերժ-անփոփոխ հսկայական մի ըմբռնողություն, որ ստույգ է ու ճշմարիտ առմիշտ` բոլոր ժամանակների ու մակարդակների համար: Տերը կարծեք թե շշնջալիս լինի` Ինչ որ Ե'ս կարող եմ անել, դուք պատկերացնել անգամ չեք կարող, և ինչ որ դուք եք մտածում, չեք կարող անել, եթե Ե'ս թույլ չտամ, այդուհանդերձ, սպանե'ք ինձ /հմմտ. ԺԱ 53/, բայց միմյա'նց խնայեցեք ... Թու'յլ տվեք, որ մանուկները գան դեպի ինձ, արգելք մի' եղեք, և դուք, ամե'նքդ, դարձե'ք մանուկների պես, եթե ուզում եք ապրել, եթե մաքուր եք սրտով, եթե Աստծուն եք փնտրում, եթե գիտեք անդրադառնալ, զղջալ, ապաշխարել ու պարգևներ տալ /հմմտ. Մրկ. Ժ 13-16/: 
 
Քրիստոսի խոսքը վերաբերում է ամենքին ու բոլորին հավասարապես: Այն բարոյական ճանապարհին կանգնելու և կանգնեցնելու պատգամ է, հրավեր է և այնպիսի օրինակ, որը երբևէ ոչ մի տեղ չի հանդիպում:
 
Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
Առաջնորդ Բուլղարահայոց թեմի